«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԸ ՍԿՍԵՑ ԱՎՏՈԵՐԹՈՎ
Վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած «Դիմադրություն» շարժումը պայքարի հերթական օրը սկսեց ավտոերթով: Մինչև մայրաքաղաքի տարբեր հատվածներից մեկնարկած երթերի մասնակիցները կհասնեին Ֆրանսիայի հրապարակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնեց՝ հրապարակում կան մարդիկ, որոնք իր համար անընդունելի են, բայց չի կարող պահանջել՝ լքել հրապարակը:
Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Ես իրենց ստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը: Անուններ չեմ հնչեցնելու:
ԶԵՐԾ ՄՆԱԼ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՐԿԱԴՐԵԼՈՒՑ. ԿՈՉ
Հավաքի մասնակիցների վերաբերյալ, մինչև հերթական հանրահավաքի մեկնարկը, հայտարարություն տարածեց Գլխավոր դատախազությունը` նշելով՝ քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևանում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դեպքեր: Դրանցից 3-ով հարուցված է քրեական գործ, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեկ դեպքի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում:
ՀՀ գլխավոր դատախազություն. «Հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, ՀՀ դատախազության կողմից հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Միաժամանակ քաղաքացիներին կոչ ենք անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին»:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, հասնելով Ֆրանսիայի հրապարակ, հայտարարեցին՝ քայլերթով ուղևորվում են հենց Գլխավոր դատախազություն: Արամ Վարդևանյանի խոսքով՝ գնում են կանգնելու քրեական գործով տուժող ճանաչված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողքին:
Հիշեցնենք՝ մի քանի ծնողներ պահանջել էին պատերազմի աղետալի հետևանքների պատճառների հանգամանքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Երթով դատախազության շենք հասնելուց հետո Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ զոհված զինծառայողների ծնողները ներկայացրել են նոր պահանջ:
Արթուր Ղազինյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հարցաքննության կանչելուց հետո և դրա արդյունքներով՝ անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:
Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին երթը՝ վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ: Երեկոյան հրապարակում կայացած հանրահավաքով ընդդիմադիրներն ամփոփեցին պայքարի հերթական օրը:
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած հաշվարկի՝ մայիսի 11-ին, ժամը 20:12-ի դրությամբ, Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել էր շուրջ 1750 մարդ: Մայիսի 12-ին կազմակերպությունը հաշվարկ չի իրականացրել:
Հեղինակ` Նորայր Շողիկյան