Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:
Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, հանձնաժողովի ներկայացրած կարծիքի հիման վրա էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այսպես`առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում:
Նախատեսվել է, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:
Նախագծի անցումային դրույթներով նաև նախատեսվել է կարգավորում առ այն, որ օրինագծում նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:
Այդ դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով: