Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ծառայողները. արդյունքը՝ թմբուկավոր ատրճանակի, հրացանի և փամփուշտների կամավոր հանձնում։
Ապարանի բաժնում ևս արձանագրվել է հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի։
«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։