Աբովյանում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն է կառուցվում: Շինարարական ակտիվ եռուզեռ է:
Աշոտ Ղարիբյան (շինաշխատանքների ղեկավար) - Աշխատանքները հիմնականում սկսել ենք հունիսից, բայց հիմնական քանդման աշխատանքները՝ հունիս-օգոստոս ամիսներին: Շատ վատ վիճակում էր շենքը, չափազանց վատ, հետո սկսել են շինարարական աշխատանքները, ամրացումները:
Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի մասնաշենքը երկար ժամանակ չօգտագործվելուց վթարային էր դարձել:
Աշոտ Ղարիբյան - Որ քայլում էիր, պանելը, այ, սենց շարժվում էր:
Ամրացումից սկսել են, հասել ներքին հարդարմանը: Վերջնաժամկետը հուլիսն է, բայց վստահեցնում են՝ կենտրոնն ավելի շուտ կհանձնեն աբովյանցիներին:
Աշոտ Ղարիբյան - Եղանակն էր խանգարում, հիմա օգնում է, էլ խանգարող հանգամանք չկա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցում կամ վերանորոգում է ՄՍԾ տարածքային 49 կենտրոն:
Սամվել Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ինժեներ-խորհրդատու) - Այսօրվա վիճակով 34-ն ամբողջովին գործում է, 7-ը գտնվում է աշխատանքային փուլում, 4-ը ավարտական փուլում են, 2-ը նախագծման փուլում են, 2 տարածք էլ Կառավարության որոշմանն են սպասում:
Սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը և անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմանը նպաստող այսպիսի կենտրոնների կառուցման համար բավականին մեծ ներդրումներ են արվում:
Սամվել Հարությունյան - Մոտավորապես 200 միլիոնի կարգի է ծախսը, դե, ավելացնենք կահույք, տեխնիկա, նախագծում, մոտ 30 մլն էլ էդպես է լինում:
Նման կենտրոնների կառուցման համար արվող ներդրումները կարող են հասնել մինչև 400 մլնի, ինչպես, օրինակ, Գյումրիի դեպքում: Սոցիալական բոլոր ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մեկ տեղում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով:
Էդգար Զաքարյան (ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող-ղեկավար) - Մոտ մեկ շաբաթ առաջ բացեցինք Իջևանում, պատրաստ է արդեն Ստեփանավանինը, Գավառինը, Բերդինը, Կապանինը, Գորիսինը:
Նախարարությունից վստահեցնում են՝ նման կենտրոնները նպաստում են բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական գնահատմանն ու բարձրացնում սոցիալական աշխատանքի արդյունավետությունը:
Էդգար Զաքարյան - Մենք նաև իրականացնելու ենք միասնական տեղեկատվական համակարգի ներդրում: Դա բոլոր տեսակի սոցիալական ոլորտում առկա բազաների միավորումն է, որից հետո հնարավոր կլինի թվայնացնել էս ամբողջ գործընթացները:
Արդեն հաջորդ տարի բոլոր 49 կենտրոնները պատրաստ կլինեն: Քաղաքացիները կխնայեն և՛ ֆինանսական միջոցները, և՛ ժամանակը, և՛ նյարդերը: