Ընտրական գործընթաց, ժողովրդավարական կառավարում և դատաիրավական համակարգի զարգացում ու անկախություն: Սրանք այն ոլորտներն են, որտեղ, ըստ Freedom House-ի «Nations in Transit 2022» զեկույցի, Հայաստանն առաջընթաց է գրանցել, միևնույն ժամանակ` նահանջել մամուլի անկախության ցուցանիշում:
Հայաստանն ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել` հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր` նախորդ տարվա 2.96-ի փոխարեն: Վերջին 12 տարվա ընթացքում այսպիսի ցուցանիշ չի արձանագրվել: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ 2004 թվականից սկսած` նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանը ավտորիտար կառավարման ձևից անցել է հիբրիդայինի: Այն ավելի խոստումնալից է: Ժողովրդավարության զարգացման մակարդակը ՀՀ-ում 34% է:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Բայց նաև շեշտվում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կարողացել է կանխել կառավարող կուսակցության առաջ քաշած օրինագծերից մեկը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև արձանագրում է.
«Հայաստանում 2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Նախկին պաշտոնյաներին փոխարինել են քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հավատարիմ են ժողովրդավարությանն ու հիմնարար հանրային շահերին»:
Հայաստանը ցուցանիշներով հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Ադրբեջանը պահպանել է 1,07 միավորը՝ դասվելով կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների խմբին, իսկ Վրաստանը մեզ հետ նույն՝ հիբրիդային ռեժիմների խմբում է՝ 3,07 միավորով նախկին 3,18-ի փոխարեն:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև արցախյան 44 օրյա պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում Ալիևի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան