Դատարանը թույլատրեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին որոշ ժամանակով բացակայել երկրից՝ Ստրասբուրգում նախատեսված ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար՝ չնայած նախկին փոխվարչապետի՝ երկիր չվերադառնալու հավանականությանը։ Միջնորդությունը ներկայացրել էր ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյան - Հատկապես կարևորում է այն հարցը, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթներ ունենալ և ելույթների շրջանակում բարձրաձայնել արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր:
Մինչև միջնորդությունը՝ Գևորգյանը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, հայտարարեց՝ մեղադրանքն անհասկանալի ու անհիմն է համարում: Մեղադրական եղրակացության հրապարակումից հետո միայն գործով մյուս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էր դիրքորոշում հայտնել:
Արմեն Գևորգյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդեն 4 տարի է` ենթարկվում եմ ապօրինի քրեական հետապնդման: Այն ի սկզբանե ունեցել է քաղաքական դրդապատճառներ, և բազմաթիվ անգամներ խախտվել են իմ իրավունքները:
Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց նախ՝ հետազոտել գործում առկա փաստաթղթերը, որոնք վերաբերում են կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներին, այնուհետև` իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և վերջում լսել ամբաստանյալներին։
Դատախազն առաջարկեց նաև սկզբում հարցաքննել այս գործով առանցքային վկաներ գործարար Սիլվա Համբարձումյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և ևս երեք անձի: Բացի այդ, դատախազությունը պատրաստվում է միջնորդել՝ միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։ Պաշտպանական կողմը թեև ընդհանուր առմամբ համաձայնեց մեղադրողի սահմանած կարգին, սակայն որոշ վերապահումներ ուներ:
Արամ Օրբելյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Քրեական գործի մեջ կա 100 քանի հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազը, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել վերջում։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հետո անդրադառնալ վկաների հարցաքննությանը, այնուհետև հետազոտել գործում առկա այն փաստաթղթերը, որոնք էական նշանակություն ունեն և միայն վերջում հարցաքննել ամբաստանյալներին: Սակայն այսօրվա նիստում ապացույցներն այդպես էլ չհետազոտվեցին. այս անգամ էլ Քոչարյանի պաշտպանը բոյկոտեց նիստը. Արամ Օրբելյանը խնդրում էր մինչև ապացույցների հետազոտումը քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը:
Դատավորը ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդությանը կանդրադառնա մինչև նիստի ավարտը:
«Ապացույց չի կարող հետազոտվել մի գործում, որտեղ ապացույց չկա»,- հայտարարեց Օրբելյանը: Երբ դատարանը սահմանափակեց պաշտպանի արտահայտվելու հնարավորությունը, Օրբելյանը լքեց նիստերի դահլիճը:
Այս քայլի համար դատարանը նրա նկատմամբ 50 հազար դրամի չափով դատական սանկցիա կիրառեց: Նիստը կշարունակվի մայիսի 3-ին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան