Գործադիրը որոշում է ընդունել 2022թ. ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022թ. մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022թ. համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 հատ չափաքանակով, որի շրջանակում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։
Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն՝ 2022թ. հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար՝ մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար:
Նախարարը նշել է, որ որևէ լրացուցիչ գործողություն անելու կարիք չկա՝ մարդիկ ինչպես սովորաբար ներմուծում են մեքենան, այդպես էլ պետք է շարունակեն անել՝ լրացնելով սակագնային արտոնությամբ մաքսազերծման հայտարարագիրը, որն էլ ավտոմատ կերպով տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն: Նրա խոսքով՝ որոշում կա նաև հաջորդ տարվա համար, 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չի բաշխվում՝ կախված իրադարձությունների զարգացումից: Ներմուծումը պետք է իրականացվի Գյումրիի ավտոմաքսատանը, ամսական կտրվածքով կհրապարակվեն քանակական տվյալներ ներմուծման ծավալի և քվոտայի օգտագործման վերաբերյալ:
Կարևորելով որոշման ընդունումը՝ վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ, գիտեք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում կար էլեկտրոմոբիլների վրա սահմանված մաքսատուրք, և որոշում կայացվեց մաքսատուրքից ազատել որոշակի թվով մեքենաներ: Բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստացել է 7000 մեքենայի քվոտա 2022թ. ընթացքում: Սա նշանակում է, որ 12.5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, և այս մաքսատուրքը հանվում է, եթե շատ կոպիտ ասենք՝ առաջին 6400 ներմուծողների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր արդեն ներմուծել են այս ընթացքում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք դեռևս 2019 կամ 2020թ. էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել ենք ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել, այսպես ասած, համեմատաբար 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով մեքենաները:
Հետևաբար կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, մանավանդ մյուս տարի ևս 8000 մեքենայի քվոտա ենք ունենալու: Բայց պետք է ասենք, որ հաշվարկը լինելու է ֆիզիկական, այսինքն՝ հենց 6400 մեքենայի քվոտան լրացավ, 6401-ն արդեն պետք է մաքսատուրք վճարի: Իհարկե, ավելացված արժեքի հարկ չի վճարի, որովհետև դա սահմանված է մեր ներքին օրենսդրությամբ: Մենք 600 քվոտա պահում ենք, այսպես ասած, չնախատեսված դեպքերի համար, եթե անհրաժեշտ կլինի որոշում կայացնել՝ կոնկրետ իրավիճակներից ելնելով»:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որոշումը լավ առիթ է էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու, նաև դրանց լիցքավորման և սպասարկման ոլորտում ներդրումներ անելու համար: