Խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ Ազատության հրապարակում էր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքի օրակարգում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն էր:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ադրբեջանը շարունակում է լկտիանալ և ախորժակը բարձրացնում է: Այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում` ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում, ոտնձգություններ է սկսել քաղաքացիների նկատմամբ, ստիպում է նրանց լքել իրենց տները:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ամբիոնից դիմեց ժողովրդին: Նախ նկատեց՝ քաղաքացիների մի մասն ընդդիմությանը դժվար է հավատում, ապա հավելեց՝ պետք է իրենք իրենց հավատան:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա: Հայրենիքի համար պայքարելիս ճամփի կեսից հետ չեն կանգնում:
Պայքարը շարունակելու համար խորհրդարանի ընդդիմադիր ուժերը ուղենիշներ են սահմանել: Բանաձևի տեքստը հրապարակեցին տեղում գտնվող բոլոր անձանց անունից:
Աննա Մկրտչյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերից:
Հավաքի կազմակերպիչները պահանջեցին հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին:
Աննա Մկրտչյան - Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում պետք է բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների կիրառումը: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում` բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը:
Եզրափակիչ ելույթում խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ սկիզբ են դնում պայքարի նոր փուլի:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին համազգային դիմադրության, միասնության` հանուն ձեր թոռների, ձեր երեխաների, ձեր ծնողների:
Հանրահավաքի ավարտին ազդարարվեց առաջին ակցիայի մեկնարկը. մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը՝ մեկ ժամով խաթարելով երթևեկությունը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան