Հայաստանում շուրջ 1800 հեկտար տարածք դեռ ենթակա է ականազերծման՝ արձանագրում են մասնագետները: Ապրիլի 4-ը Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է: Հայ և օտերերկրացի մասնագետներին, փորձագետներին մեկտեղել է մասնագիտական քննարկումը: 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակն ու նոր ուսումնասիրություններ է պահանջում.
Վաղինակ Սարգսյան (Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն) - Մենք պետք է ամեն անգամ ավելի արագ, ավելի շատ մաքրենք, որովհետև, վերջիվերջո, ինչքան շատ մաքուր տարածք՝ էնքան սոցիալական հարցեր, էնքան մարդիկ իրենց հողերն են կարողանում օգտագործեն, մշակեն, արոտավայրերն են ազատ լինում, և ի վերջո, մարդիկ չեն վնասվում:
Ականապատ տարածքներ կան Հայաստանի չորս մարզում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում: Մասնագետները նոր ուսումնասիրություններ կիրականացնեն: Առաջին անգամ կդիտարկեն նաև Արարատի մարզը: Պաշտպանության փոխնախարարը առաջնահերթ համարեց Սյունիքը:
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ականների վտանգ կա այն տարածքներում, որտեղ, այսպես թե այնպես, իրականացվել են մարտական գործողություններ կամ ռազմական որոշակի գործողություններ: Հիմնականում դա վերաբերելու է Սյունիքի մարզին, և մեր փորձագիտական կենտրոնը պետք է ամեն ինչ անի առաջին հերթին քաղաքացիների իրազեկվածությունն ապահովելու և դրանից հետո ականապատ տարածքներն ականազերծելու ուղղությամբ:
Վերջին մի քանի տարում Միացյալ Թագավորությունն ամբողջ աշխարհում ականազերծման ու իրազեկվածության բարձրացման համար ավելի քան 200 միլիոն դոլար է ներդրել: Միայն Հայաստանում ներդրումները կազմել են 700 000 դոլար: Այս տարի 350 000 դոլար է հատկացվել մեր երկրում նոր ուսումնասիրություններ անցկացնելու, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:
Վիկտոր Քլարք (Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ) - Հայաստանում և Արցախում շուտով նոր ծրագրեր ենք սկսելու: Ինչպես հայտնի է՝ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ տարածքներում պետք է ականազերծում իրականացվի: Ֆինանսական և մասնագիտական աջակցությունը, որը կտրամադրենք, հնարավորություն կտա բարձրացնելու քաղաքացիների անվտանգությունը:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է մարդկանց իրազեկվածությունը: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը երեք տարում ավելի քան 18 000 քաղաքացու է իրազեկել: «Մաքրում, կրթություն, վերականգնում» կարգախոսով միջազգային կառույցը Հայաստանում նոր ծրագրեր կիրականացնի:
Նաթիա Նացվիլիշվիլի (Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ) - ՄԱԶԾ-ն 25 տարբեր երկրի է աջակցում՝ լուծելու ականապատ տարածքների մաքրման խնդիրները: Այդ երկրներից է նաև Հայաստանը: Մեր նպատակն է օգնել այն կառույցներին, որոնք զբաղվում են ականազերծման աշխատանքներով: Կարևոր է նաև հասկանալ, թե Հայաստանի որ հատվածներն են ականապատված և, ունենալով տեղեկատվություն, ըստ այդմ կհասկանանք՝ ինչպես, ինչ առաջնահերթությամբ մաքրել դրանք:
Միայն վերջին 30 տարում Հայաստանում ականի պայթյունից տուժել է 745 քաղաքացի: 2021 թվականին Տավուշում և Սյունիքում ականի պայթյունից 4 քաղաքացի է տուժել: