Աիդա Գրիգորյան (Արցախի Նորագյուղ համայնքի բնակիչ) - Բոլորն ուզում են, ցանկանում են անել իրենց երեխայի համար, իրենց տղայի համար, հարևանի համար, մեր մարտիկի համար, մեր գյուղի երիտասարդի համար, հարևան գյուղերի երիտասարդների համար, որոնք մեր կյանքն են փրկում, որոնք մեր հողն են պաշտպանում: Այն հողը, որ ձեռք է բերվել արյան գնով, որի անունը Քարագլուխ է:
Արցախի Նորագյուղ համայնքի փողոցներից մեկի կանայք ժենգյալով հաց են թխում շփման գծի արևելյան գոտում հերթապահող տղաների համար: Նախաձեռնությունն օրեր առաջ են սկսել՝ երկրորդ անգամ են ծանրոցներ պատրաստում:
Գոհար Ավանեսյան (Արցախի Նորագյուղ համայնքի բնակիչ) - Առաջին անգամ 100 հատ ենք թխել, երկրորդ անգամ ևս 100 հատ են նախատեսում, բայց երևի ավելին լինի: Առաջին անգամ ուղղակի նաև կարկանդակ էինք թխել: Հիմա որոշել ենք մի քիչ շատ ժենգյալով հաց ուղարկենք, դրա համար այս անգամ շատ ենք պատրաստել: Կարծում եմ՝ երեխաներին դուր կգա:
Գաղափարը թաղամասի ավագներինն է, որոնք առաջին պատերազմի տարիներին ամիսներով թոնրահաց են մատակարարել ռազմաճակատ: Նորագյուղցիներն Արցախում հայտնի են աշխատասիրությամբ: Համայնքում գրեթե բոլորը տնամերձում ջերմոց ունեն: Այդ նույն աշխատասիրությամբ էլ կանայք փորձում են մասնակցել Արցախի պաշտպանության գործին՝ ով ինչով կարող է:
Լիդա Ղահրամանյան (Արցախի Նորագյուղ համայնքի բնակիչ) - Սա, ես կասեի, չնչին բան է, որ կարող ենք անել մեր զինվորների համար, քանի որ նրանք ահավոր պայմաններում՝ այս ցուրտ եղանակին, կանգնած են սահմանին: Իսկ մենք այստեղ հանգիստ հոգով ժենգյալով հաց ենթ թխում: Մեր փոքրիկները հանգիստ մեծանում են, քանի որ նրանց հայրերը, եղբայրները կանգնած են սահմանին, մեզ են պաշտպանում:
Լիլյա Գասպարյան (Արցախի Նորագյուղ համայնքի մանկապարտեզի տնօրեն) - Ավանեսյաններն ուրախ են, որ զինվորի ու կամավորի համար ժենգյալով հացն իրենց տանն են թխում: Ամենապատասխանատու գործը վստահել են տիկին Աիդային: Տուփերում իր սրտի խոսքը կդնի, ասում է՝ տատիկի ուղերձն է դիրքապահներին:
Աիդա Գրիգորյան - Ուղարկում ենք ժենգյալով հացը մեր պապիկների օրհնանքով, մեր տատիկների փաղաքշանքով, մայրերի սիրով, հարսների քնքշանքով, քույրերի հոգատարությամբ, հայրերի հպարտությամբ և բազկի ուժով, երեխաների խինդ ու ծիծաղով:
Նորագյուղցի կանանց ցանկությունը մեկն է՝ Արցախում խաղաղություն լինի: