Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվեց Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում: Քննարկված թեմաների շրջանակը լայն էր՝ կրթություն ու մշակույթ, տնտեսություն, ազգային անվտանգություն ու ռազմարդյունաբերություն:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ներուժը կրթությունն է, գիտությունն է, մարդն է: Մենք այլ հնարավորություն չունենք:
Նախագահի խոսքով` պետությունը ռազմարդյունաբերության բնագավառում լուրջ ներդրումներ է կատարում, բայց տարվա ընթացքում հատկացված ամբողջ գումարը չէ, որ սպառվում է. գաղափարների պակաս կա:
Վահագն Խաչատուրյան - Ինժեներական գաղափարների պակաս կա, նորարարությունների, նախաձեռնությունների պակաս կա, մեծ բացթողում ունենք ինժեներական կրթության առումով:
Նախագահը շեշտադրեց նաև բարձր որակավորմամբ մասնագետների պակասը ՏՏ-ում, մասնավորապես, ծրագրավորման ոլորտում տնտեսության առաջադրած պահանջները չեն բավարարվում: Վահագն Խաչատուրյանը նկատեց, որ ռուս-ուկրաինական վերջին իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մասնագետները ավելի պահանջված են դառնում տեղի ընկերությունների համար: Առաջիկայում ակնկալվում է, որ ծրագրավորողներ կգան նաև Հնդկաստանից, ինչը ևս մեծացնելու է մրցակցությունը, և հայաստանցի մասնագետները ստիպված են լինելու ավելացնել գիտելիքները: Ու այդ առումով բուհը անելիք ունի:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կառավարության ծրագիրը մինչև 26 թվական եթե դուք վերցնում ու նայում եք, տեսնում եք` ինչ ահռելի ծավալ հատկացված է հենց կրթական ծրագրերին:
Նախարարը նաև հույս հայտնեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը շուտով կսկսի գործել: Կրթությունն ու գիտությունը, ըստ նրա, շաղկապված են և առանձին չեն կարող լինել:
ԵՊՀ ռեկտորն էլ ներկայացրեց բուհում ձեռնարկված բարեփոխումները՝ խոսելով նաև կրթական նոր ծրագրերի մասին:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Մենք ակնկալում ենք, որ պետությունը առավել ուղղորդի բիզնեսին դեպի կրթական համակարգ. այս պահին կարող ենք ասել, որ Այ Թի ոլորտն է շատ ակտիվ աշխատում մեզ հետ, մնացած ոլորտներում դեռ պասիվ են, որոշակի շարժ կա, բայց դա դեռևս հեռու է բավարար լինելուց, և այդ տեսակետից ձեր աջակցությունը մեծապես պետք է ԵՊՀ-ին:
Հովհաննիսյանն ակնկալում է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: Խաչատուրյանն էլ վերահաստատում է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնելու կրթության և գիտության զարգացմանը:
Հեղինակ` Աննա Զախարյան