Ամուլսարի հանքի շահագործման հարցը Կառավարությունում փակված չէ: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նման հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը՝ հավելելով, որ գործընթացը ձգձգվում է շահագործման բոլորին հարմար ձևաչափ գտնելու համար: Փոխնախարարը շեշտեց, որ պետք է վերացնել բնապահպանական հնարավոր ռիսկերը: Նրա խոսքով՝ այս պահին գործընթացները միայն քննարկումների մակարդակում են:
Արշակ Ասլանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Քաղաքական որոշումը՝ այն, ինչ ես տեսնում եմ, ինքն աշխատելու է, բայց ապահովելով այն պայմանները, որն իր դեմ դրված են, եթե չի ապահովում այդ պայմանները, չի կարող աշխատել:
Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանն էլ խորհրդարանականներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության հետ ունեցած կապերի խորացման և առևտրաշրջանառության պատկերը:
Արմեն Ղևոնդյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - ԵԱՏՄ գործունեության ժամանակահատվածում 2021 թ. առավելագույն ցուցանիշ է կազմել ներքին առևտուրը՝ այն հատել է 72.6 մլրդ դոլարի գիծը, ինչը 31.9 տոկոսով ավելի է 2020 թ. և 17.8 տոկոսով՝ 2019-ի ցուցանիշից:
ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՐՈՇԻ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Ղևոնդյանը թվերի լեզվով խոսեց. ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2021 թ. 844 մլրդ դոլար է եղել, ինչը 31 տոկոսով ավելի է 2021 թ. ցուցանիշից: Փոխնախարարին ընդդիմադիրները Արցախից հարց ուղղեցին՝ բացառո՞ւմ է արդյոք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Արցախի կարգավիճակի հարցը բացառապես որոշում է Արցախում բնակվող հայությունըէ պատասխանեց փոխնախարարը:
Թեմային անդրադարձավ նաև Խաչատուր Սուքիասյանը և նկատեց, որ ամենաշատ գումարն Արցախին տրվել է հենց այս Կառավարության օրոք, իսկ պատերազմի ոչ ցանկալի արդյունքը 30 տարի սխալ վարած քաղաքականության հետևանքն է:
Խաչատուր Սուքիասյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 30 տարի է՝ հարց տվե՞լ եք, որ գնում, կազինոներում կրվում էին, թալանում էին, գումարները հանել են, դրսերում շենքեր են կառուցել, ինչի՞ համար են արել: Զենք ձեռք բերեիք, առողջապահություն ստեղծեիք, Ղարաբաղը պաշտպանեիք, առողջապահություն ստեղծեիք: Ամեն անգամ կռիվ ենք անում, ուզում ենք միշտ պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք, հետո ուրիշից պահանջենք:
Պատգամավորի գնահատմամբ՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, և երկրները ապրեն հարևանների նման: