Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու նպատակը, նշել է, որ դեղերի շուկայում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները՝ առանձնացնելով դեղերի զուգահեռ ներմուծման, չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը:
Տնտեսվարողների տեղեկացմամբ՝ հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկում են երկարաձգել չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը:
Նշենք, որ չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020 թ. հոկտեմբերի 3-ին` Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ: Այնուհետև COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչև 2021 թ. դեկտեմբերը:
Տնտեսվարողների համար խնդրահարույց է «Դեղերի մասին» օրենքում դեղերի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթը: Նրանց պնդմամբ` վերոնշյալ օրենքի դրույթը լիաժեք չի գործում: Ըստ նրանց` պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100 տոկոսով համապատասխանելը: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:
Տնտեսվարողները, վերոնշյալ հարցերից բացի, բարձրաձայնել են մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց բախվում են:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը քննարկման մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր ներկայացնել և դրանք ուսումնասիրելու, հնարավոր լուծումները գտնելու պատրաստակամություն է հայտնել: