Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների և Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ:
Իգոր Խովաևին Արարատ Միրզոյանը ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները: Մինսկի խմբի ՌԴ համանախագահողի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Միրզոյանը ներկայացրել է Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսելու շուրջ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն էլ Միրզոյանը կարևորել է ՌԴ համապատասխան գերատեսչությունների՝ Արցախում տիրող իրավիճակին տրված գնահատականը: Նախարարն ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կոնկրետ միջոցառումների անհրաժեշտությունը:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը անթույլատրելի են։ Այս շեշտադրմամբ է անցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ հանդիպումը: Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն էլ նախարար Արարատ Միրզոյանը, շեշտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ գնահատականը, ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։
Միրզոյանը Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները ներկայացրել է նաև Անհայտ կորածների հարցերի միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նախարարը Բոմբերգերին երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ նույնականացման գործընթացում ներդրման համար։ Քննարկվել են Հայաստանում լաբորատորիաների տեխնիկական վերազինման հարցերը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան