Առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է այս բուժհաստատության համար բացառիկ վիրահատություն՝ ստամոքսի և կերակրափողի միացման հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով՝ առանց մեծ կտրվածքների: Պացիենտը 52 տարեկան տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի քաղցկեղ:
Կենտրոնում ասում են՝ ավելի ու ավելի շատ են փորձում բաց վիրահատությունից անցում կատարել էնդոսկոպիկ եղանակի: Նորարարական այս մեթոդը նվազագույնի է հասցնում պացիենտի վնասումը, արյունահոսության հավանականությունը, հետվիրահատական բարդություններն ու հոսպիտալացման ժամկետը: Փակ եղանակով այս վիրահատությունը տևել է 6.5 ժամ:
Ալեքսանդր Սեինյան (ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Շատ լավ աշխատեցին տղաները, բավականին կարճ տևեց, և, հուսով եմ՝ հիվանդը լուրջ բարդություններ չի ունենալու, ամեն ինչ նորմալ կընթանա:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրաբուժական թիմին է միացել Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։
Դմիտրի Սեխնիաձե (Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի բժիշկ) - Կերակրափողի քաղցկեղի դեպքում վիրահատությունը հաճախ միակ հնարավորությունն է: Այս դեպքում քաղցկեղը ոչ սկզբնական փուլում էր: Դա որոշակի բարդություններ ստեղծեց: Բայց ամեն ինչ անցավ ինչպես ծրագրված էր: Ես հաճելիորեն զարմացած եմ թե՛ բժիշկների պրոֆեսիոնալիզմից, որոնք ինձ օգնում էին, թե՛ այս հիվանդանոցի սարքավորումներից: Համոզված եմ, որ մոտ ապագայում այս վիրահատությունները լայնորեն կիրականացվեն այս կլինիկայում:
Արմեն Խանոյան (ՈՒԱԿ թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային վիրաբույժ) - Մեր նպատակը հիվանդանոցում ստեղծել էդ մթնոլորտը, որ ամեն ինչ կարելի է նաև մեր ուժերով անել:
Ավետիք Պետրոսյան (ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ) - Վիրահատության ընթացքում տեխնիկական նրբություններ շատ կան, մանավանդ այս վիրահատության, որոնք շտկելու, հղկելու կարիք է լինում, և մեթոդի, ստանդարտիզացիայի կարիք է լինում, որ, հուսով եմ՝ շուտով արդեն մեզ մոտ կսկսի կիրառվել:
Հայաստանում քաղցկեղի վիրահատություններն անվճար են, պետպատվերով է եղել նաև այս մեկը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան