Կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:
Ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով:
Ծրագրի ընդունմամբ կսահմանվեն և կհստակեցվեն էներգախնայողության ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող միջոցառումները, հիմնական ցուցանիշներն ու թիրախները:
Ըստ այդմ՝ կսահմանվեն մինչև 2030 թ. ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։