Կողմերը չպետք է խորացնեն Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ լարված իրավիճակը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մարտի 24-ին Արցախում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի խախտման մասին «Լուրերի» հարցին:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Իրավիճակին պետք է գնահատական տան ռազմական փորձագետները և այնտեղ տեղակայված խաղաղապահ ուժերը: Կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի առանց այն էլ բարդ և լարված իրավիճակը:
ԶԱԽԱՐՈՎԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԼՈՒԾԵԼ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՂ-ՈՒՄ
Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակին: Չնայած հնչող կոչերին՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ բնական գազի մատակարարումը։ Վթարված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը փական է տեղադրել խողովակաշարի վրա և փակել է գազի մատակարարումը Արցախ: Վնասված գազատարի տեղանքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացնում է՝ բանակցությունները շարունակվում են:
Մարիա Զախարովա - Ռուսաստանը կապի մեջ է կողմերի հետ։ Կոչ ենք անում շուտափույթ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով: Մենք ելնում ենք նրանից, որ առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը չպետք է խորանա, չպետք է տառապեն հասարակ մարդիկ»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Ինչ վերաբերում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Զախարովայի խոսքով՝ այս գործընթացում շեշտը դրվում է մի քանի գերակա ուղղությունների վրա:
Մարիա Զախարովա - Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է, հնարավոր է՝ ոչ այնքան արագ, որքան ցանկալի է, բայց տրանսպորտային մայրուղիների զարգացման նախագծերի փաթեթների համաձայնեցումը՝ շեշտը դնելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վրա: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման գործընթացի գործարկման մասով Ռուսաստանի խորհրդատվական աջակցությանն առընթեր շարունակվում են նաև միջգերատեսչական շփումները:
Այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին հայ-ռուսական պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Զախարովան նշում է, որ հոբելյանական այս տարին կնշանավորվի մի շարք միջոցառումներով, որոնց նախապատրաստման ուղղությամբ կողմերը համատեղ մեծ աշխատանք են տանում: