ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Թվիթերյան էջում հրապարակել է հայտարարություն, որում նշում է, որ ԱՄՆ-ը սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը: «Այս ողբերգական մահը, որը հնարավոր էր կանխարգելել, ընդգծում է ավելի մեծ զսպվածության և դիվանագիտական ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար:
Կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրի բացահայտման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, մարդասիրական ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննությունը:
Միացյալ Նահանգներն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար:
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի համար անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը: