ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ից մարտի 2-ը մասնակցել է Բարսելոնում տեղի ունեցած GSMA Ministerial Programme համաժողովին:
Այցի շրջանակներում նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի առաջատար ընկերությունների հետ։
Կատալունիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ հանդիպմանը քննարկվել է Կատալունիայի և Հայաստանի ոլորտային առաջատար ընկերությունների և երկու երկրների համալսարանների միջև համագործակցության հնարավորությունները:
Entrepreneurs’ Organizations ընկերության կառավարման խորհրդի անդամ Նատալյա Բերդիկյանի հետ քննարկել են Իսպանիայում գործող աքսելերատորների հետ համագործակցության, Հայաստանում Entrepreneurs’ Organizations ընկերության գրասենյակ հիմնելու հնարավորությունը: Դիտարկվել են երկկողմ համագործակցության խթանմանն ուղղված մի շարք այլ հարցեր:
Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Smart Africa կենտրոնի տնօրեն Լացինա Կոնեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը: Լացինա Կոնեն մատնանշել է Smart Africa կենտրոնի գործառույթների շրջանակները, որոնք վերաբերում են աֆրիկյան պետություններում թվային միասնական ռազմավարության ձևավորմանը և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային պլան՝ փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների անցկացման, ստարտափ էկոհամակարգի զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Հանդիպում-քննարկումներ են կայացել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի, Startup Investor Accelerator ընկերության պատվիրակությունների, Իսպանիայի Կաստիլա և Լեոն շրջանի «Բիզնես մրցունակության ինստիտուտի» ներդրումների ներգրավման փորձագետ Լաուրա Մարտինեզ Մարտինի, Ղազախստանում գործող Zerde national Infocommunication holding ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Աբդրասիլովի հետ։
GSMA Ministerial Programme համաժողովի շրջանակներում Դավիթ Սահակյանը շրջայց է կատարել Mobile World congress ցուցահանդեսի սրահում, այցելել տարբեր տաղավարներ։
Ֆինանսական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար PANAMAX ընկերության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում էլեկտրոնային վճարումների և առևտրի իրականացման մեջ թվային գործիքների կիրառման առաջնայնության, համավարակի պայմաններում տնտեսության թվայնացման հիմնական միտումների վերաբերյալ: