ԱԺ նիստում խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալները և մասնագիտական աշխատանքային գործունեությունը ներկայացրել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Թեկնածուն սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան: 2019թ. ընդունվել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դոկտորանտուրա:
Ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է: Լևոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վստահության համար: Նա անդրադարձել է ֆինանսական կայունության առկա վիճակին և մարտահրավերներին, խոսել գնաճի հիմնահարցի ու դրա զսպմանն ուղղված քաղաքականության մասին:
Զեկուցողը փաստել է, որ ԿԲ-ն պատշաճ իրագործում է սահմանադրական նպատակները. այն է` երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը:
Լևոն Սահակյանի խոսքով՝ 2021թ. տնտեսության վերականգնման և գնաճի ցուցանիշներով Հայաստանն առավել բարենպաստ դիրքում է:
«Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասաց Սահակյանը: