Ռուսաստանը հետ է վերցրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով իր մի քանի ռազմանավի անցման խնդրանքը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է РИА Новости-ն։
Փետրվարի 27-28-ը Մոսկվան Թուրքիային ծանուցել էր նեղուցներով դեպի Սև ծով անցնելու ծրագրերի մասին։
Չավուշօղլուն բացատրել է, որ երկուշաբթի՝ մարտի 1-ին, Թուրքիան զգուշացրել է ծովափնյա և ոչ ծովափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տալու՝ ռազմանավերն անցնեն իր նեղուցներով։
Ավելի վաղ արտգործնախարարն ասել էր, որ Թուրքիան հրաժարվել է բաց թողնել Սև ծովի սահմաններից դուրս տեղակայված ռուսական երեք ռազմանավերը։
«Նրանցից երեքը գրանցված չեն եղել Սև ծովի բազաներում, և մենք ասացինք ռուսական կողմին՝ այդ նավերը մի ուղարկեք»,- բացատրել է արտգործնախարարը։
Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է կիրառել Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը՝ Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավերի անցման մասին, ներկա պատերազմական իրավիճակում։