Ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը հնարավոր է՝ կրկնապատկվի: Օրենքի նման նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավոր: Կարգավորման համար փոփոխություն է նախատեսվում հարկային օրենսգրքում՝ նվազեցնելու բուհի հարկային պարտավորությունների ծավալը:
Գևորգ Պապոյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Մինչև 10 տոկոսի չափով կարող էին շահութահարկի և եկամտային հարկի հարկման բազան իջեցնել, հիմա՝ 20 տոկոսի չափով:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանի խոսքով՝ փոփոխությունից հետո այժմ զեղչ ստացող 7 հազար ուսանողի փոխարեն վարձի փոխհատուցումից կօգտվի մոտ 14 հազարը: Հարկային բեռի նվազեցումը բուհին հնարավորություն կտա լրացուցիչ գումար կուտակել:
Գևորգ Պապոյան - Մեր հաշվարկով, մոտավորապես, տարեկան 420-450 մլն դրամի մասին է խոսքը:
Առաջին ընթերցումից առաջ հանձնաժողովն օրինագծին դրական եզրակացություն տվեց միաձայն: Խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո կարգավորումը կգործի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն անցավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածության քննարկմանը: «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է մի շարք լրատվամիջոցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անժելա Նալբանդյանի թեկնածությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ երբ նույն պաշտոնում քննարկվում էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցության անդամները պնդում էին՝ քաղաքական կուսակցության հետ առնչություն է ունեցել, անաչառության հետ կարող է խնդիրներ ունենալ: Պապոյանը նկատեց՝ Անժելա Նալբանդյանն էլ եղել է կուսակցական, խորհրդարանի վերջին ընտրության ժամանակ էլ՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում:
Հռիփսիմե Ստամբուլյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ի տարբերություն ՔՊ թեկնածուի, Անժելան պատգամավոր չի եղել, եղել է ընդամենը թեկնածու և, առհասարակ, Ազգային ժողովում երբեք չի աշխատել: Իսկ այս պահին նա կուսակցական չէ և, կարծում եմ, անաչառ դրսևորում է ունենալու իր աշխատանքային գործունեության մեջ, վստահ եմ դրանում:
Գևորգ Պապոյան - Եթե այդ մարդը նախընտրական ցուցակում է եղել, ուրեմն ինքն այնքան քաղաքական է, ինչքան այն մարդը, որը մեկ այլ ցուցակով ընտրվել է: Ես ուզում եմ արձանագրել, որ մեկ ամսվա ընթացքում մոտեցումների արագ փոփոխություն է եղել ձեր խմբակցությունում:
Թեկնածուն իր ելույթում դժգոհեց՝ քաղաքացիներից քչերն են տեղեկացված, թե ինչ գործառույթ ունի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ներկայացրեց նաև մեդիադաշտը կարգավորելու վերաբերյալ իր պատկերացումները:
Անժելա Նալբանդյան, ՀՌՀ անդամի թեկնածու - Աշխատել այն ուղղությամբ, որպեսզի մենք ունենանք չափելի որակ, և կարողանանք գործող հեռուստա- և ռադիոեթերը համապատասխանեցնել այդ որակական չափանիշներին:
Քննարկման ավարտին թեկնածուի առաջադրմանը կողմ արտահայտվեց միայն ընդդիմության ներկայացուցիչը: «Քաղպայմանագրի» պատգամավորների դեմ քվեարկության արդյունքում որոշումը չընդունվեց:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան