ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021թ. ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020թ. 426-ի փոխարեն կամ մոտ 35 տոկոսով ավելի։ Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ:
Ընդհանուր առմամբ՝ 2021թ. Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 1462 վարչական վարույթ, այդ թվում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 1072 (ՀՀ իրավապահ մարմիններից, ՀՀ պետական այլ մարմիններից ստացված գրությունների, ահազանգերի և այլ հիմքերով), դիմումի հիման վրա՝ 390։ Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցվել է 238 վարչական վարույթ։
2021թ. հարուցված վարչական վարույթների թիվը 2020թ. համեմատությամբ աճել է 37,8 տոկոսով, իսկ 2019թ. համեմատությամբ՝ 14,3 տոկոս նվազել։
Խախտումները վերացնելու համար տրվել է 453 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ, խախտման բացակայության հիմքով՝ 921 վարույթ կարճվել է, այդ թվում՝ 117 դիմումից հրաժարվելու հիմքով։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 450 որոշում՝ տույժ նշանակելու մասին։