Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա՝ հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ արտահերթ ընտրություններից հետո ասել էր, որ երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել ու 1.5 տարի հետո, հավանաբար, կրկին ընտրություն է լինելու: Այսօր, սակայն, Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ խորհրդարանում իրենց մանդատները վայր դնելը ևս ճգնաժամի չի հանգեցնի:
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ - Այդպիսի ճգնաժամ պետք է ստեղծել այն ժամանակ, երբ մենք վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները կլինեն այլ: Ենթադրենք, մենք սեպտեմբերին հանձնեցինք մանդատները, հոկտեմբերին մոտավորապես նույն տոկոսային հարաբերությամբ ձևավորվում է նոր խորհրդարան, ի՞նչ ստացանք՝ ոչինչ:
Միևնույն է, գործող իշխանությանը հեռացնելը շարունակում է մնալ Ռոբորտ Քոչարյանի օրակարգում: Նա այսօր մեկնաբանեց նաև նախկինում արած հայտարարությունները, թե շաբաթների հարց է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելը, և անդրադարձավ փողոցային պայքար սկսելու խոստմանը:
Ռոբերտ Քոչարյան - Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, որ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Իսկապես պետք է մեծ զանգված, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին:
«Հայաստան» դաշինքը չի մասնակցի նախագահի ընտրության գործընթացին, դեմ է իշխանության առաջադրած թեկնածուին, իրենք էլ չեն առաջադրի՝ վերահաստատեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը, բայց ներկայացրեց իր համար նախընտրելի թեկնածուին:
Ռոբերտ Քոչարյան - Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ:
Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևոր են սեփական Զինված ուժերը, ՀԱՊԿ-ը և ՌԴ-ի հետ հարաբերությունները. արտաքին քաղաքականության մասին խոսելիս նշեց Հանրապետության երկրորդ նախագահն ու նկատեց՝ երեք հարթություններում էլ խնդիրներ է տեսնում: Քոչարյանը մատնանշեց Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հետ:
Ռոբերտ Քոչարյան - Հետևաբար մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա հարձակմանը, կլիներ միամտություն:
Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության կազմ մտնելու հարցին անդրադառնալիս Քոչարյանը հորդորեց չվախենալ ինտեգրման որևէ գործընթացից: Ըստ նրա՝ սառը հաշվարկ է պետք:
Ռոբերտ Քոչարյան - Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է ՀՀ-ն գտնի: Այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես գնում: Եթե դու ուզում ես գործոն դառնալ այս տարածաշրջանում, եթե ցանկանում ես վերականգնել համբավդ, ապա պետք է լուծումներ գտնես։ Լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության շրջանակներում:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց՝ երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը:
Ռոբերտ Քոչարյան - Իմ բանաձևը հետևյալն է՝ մենք սահմանը չենք էլ փակել: Սահմանը փակ է մյուս կողմից: Հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել:
Ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով Արցախի հարցի մասին, շեշտեց, որ Արցախի իշխանությունները պետք է հստակ պահանջներ դնեն ՀՀ իշխանությունների առաջ, քանի որ Արցախի հարցում լրջագույն խնդիրներ կարող են լինել:
Հեղինակ՝ Անի Օհանյան