Կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ և կոռուպցիան չհանդուրժող հանրության ձևավորում. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ-ում, մեջբերելով Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի ցուցանիշը, շեշտեց այս փոփոխությունները:
Հունվարին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել էր «Կոռուպցիայի ընկալման 2021 թ. համաթիվը»: 180 երկիր գնահատվել են 0-100 միավոր սանդղակով, որում որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը: 2017 թ. սկսած՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 14 կետով՝ ընդհանուր թիվը հասցնելով 49 միավորի:
«Երկար տարիներ տարբեր կառավարություններ խոսել են, բարձրաձայնել կոռուպցիայի դեմ իրենց կողմից իբրև թե մղվող համառ պայքարի կամ անհաշտ պայքարի մասին, բայց միջազգային կազմակերպությունների զեկույցները եկել են վկայելու, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար տեղի չի ունենում:
Ընդունվել են օրենսդրական ակտեր, ստեղծվել են հակակոռուպցիոն պայքարի մարմիններ, բայց դրանց գործունեության արդյունքում 2008 թվականից, երբ հայաստանն ընդգրկվել է Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում և առավել ևս 2012-19 թթ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 միավորից հետո որևէ աճ չի գրանցել: Միայն 2019 թվականին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է 42, 2020 և 2021 թվականներին մենք ունենք 49 միավոր»,- ասաց Տիգրանյանը: