Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի երեկոյան զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ երկու ղեկավարների հնարավոր հանդիպմանն ընդառաջ, որն ընկալվում է որպես երկու երկրի հարաբերությունների ջերմացման նշան, տեղեկացնում է The Times of Israel-ը:
Իսրայելի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հերցոգն Էրդողանին մաղթել է շուտափույթ ապաքինում, երբ նախորդ օրը Թուրքիայի նախագահի ու կնոջ COVID-19 թեստը դրական է եղել։
Հեռախոսազրույցն ընդգծում է վերջին շրջանում Իսրայելի նկատմամբ Էրդողանի քաղաքականության փոփոխությունը: Թուրքիայի նախագահը վերջին ամիսներին ազդարարում է այլ մոտեցում և Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն:
Ուրբաթ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան և Իսրայելը կարող են համատեղ աշխատել Մերձավոր Արևելքից բնական գազը Եվրոպա հասցնելու հարցում, և կողմերն էներգետիկ համագործակցությունը կքննարկեն հաջորդ ամիս նախատեսված բանակցությունների ժամանակ:
Թուրքիան տնտեսական ճգնաժամի մեջ է, մինչդեռ Իսրայելը և տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիայի մրցակից Հունաստանը, աշխատում են համատեղ խողովակաշարի ուղղությամբ՝ արևելյան միջերկրածովյան գազը Եվրոպա հասցնելու համար: Գործարքը ստորագրվել է 2020 թվականի հունվարին:
Թուրքիան կտրականապես դեմ է արտահայտվել նախագծին և իր տարածքային հավակնություններն է ներկայացրել տարածաշրջանի էներգետիկ հարստության նկատմամբ:
Երբ անցած ամիս Բայդենի վարչակազմը հրաժարվեց վիճահարույց գազատարին իր աջակցությունից, Էրդողանը հայտնեց ցանկություն, որպեսզի Թուրքիան ներգրավվի Եվրոպա իսրայելական գազի ներկրման մեջ:
Չնայած Էրդողանի ջանքերին՝ իսրայելցի պաշտոնյաներն անցած շաբաթ հայտարարել են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն բարելավվի ի հաշիվ Հունաստանի և Կիպրոսի հետ Իսրայելի դաշինքի: