Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Հայկական ուռուցքաբանական երկօրյա կոնգրես է մեկնարկել: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը բացման խոսքում ողջունեց Կոնգրեսի մասնակիցներին:
Նարեկ Մանուկյան (ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն) - Հայկական առողջապահական կոնգրեսը հիմնել ենք անցյալ տարի, առաջինը կոնգրեսը տեղի ունեցավ ՀՀ-ում՝ Ծաղկաձորում, որտեղ հիմնականում Հայաստանում ուռուցքաբանությամբ զբաղվող բժիշկներն ու հարակից դիսցիպլինայի մեր կոլեգաներն էին: Քննարկեցինք նախկինում եղած մեր խնդիրները, ձեռքբերումները, նշեցինք ապագա ուղենիշները:
Մասնակիցները կարևորեցին նման կոնգրեսների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնել ոլորտի առաջատար մասնագետների փորձը, այն փոխանցել երիտասարդներին, քննարկել կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Կոնգրեսի կարևորությունն այն է, որ հավաքվելով՝ մենք կիսվում ենք տարբեր բուժումներով, նոր տեխնոլոգիաներով: Այսօրվա կոնգրեսի յուրահատկությունն այն է, որ մեզ հետ են մեր ՌԴ-ի, Ղազախստանի ու Սերբիայի կոլեգաները, իրենք էլ իրենց փորձով են մեզ հետ կիսվում:
Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին մասնակցում են 200-ից ավելի պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
Արթուր Ավետիսյան (ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ) - Սա մի մեծ պրոյեկտի սկզբի է, մենք պայմանագրեր ենք կնքել Ռուսաստանում, Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի, Գերցենի կլինիկայի հետ հուշագիր ենք ստորագրել և պատրաստվում ենք բոլոր մեր բժիշկներին ուղարկել վերապատրաստման, Փարիզ: Ուռուցքաբանական կենտրոնի հետ էլ կա պայմանագիր, որտեղ անգլիալեզու ու ֆրանսալեզու բժիշկները կմեկնեն:
Ուռուցքային հիվանդությունները եղել ու մնում են մարդկանց մահվան երկրորդ պատճառը՝ արձանագրեց Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նկատեց, որ վեջին 2 տարում սպիտակ բանակն ավելի շատ կենտրոնացած էր COVID-19-ի բուժման վրա, ինչի պատճառով որոշ գործընթացներ սառեցվել էին:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Առաջին-երկրորդ փուլում այս պահին քիչ ենք քաղցկեղ գրանցում, քան նախորդ տարիներին, սա մտահագում է ու պարտադրում է, որ մենք ավելի զարկ տակ մեր պրոֆիլակտիկ ծրագրերին, մեր առաջնային օղակին, որ հնարավորություն ընձեռենք բժիշկներին քաղցկեղը տեսնելու առաջին փուլերում, երբ բուժման հավանականություն ավելի բարձր է, քան երրորդ-չորրորդ փուլերում:
Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն էլ հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարների մակարդակով հայ-ռուսական առողջապահական ֆորում էր իրականացվել՝ նվիրված ուռուցքաբանությանը, որտեղ մի շարք խնդիրներ են մատնանշվել:
Տիգրան Գևորգյան (Ն.Ն. Բլոխինի անվան ՈՒԳԿ դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն) - Նեղ մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս կյանքի կոչել այն ծրագրերը, լուծել խնդիրները, որոնք դրվել են նախարարների կողմից:
Համաժողովի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականությունն ու ռազմավարությունը, իրականացվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը։ Երկու օրերի ընթացքում նախատեսված է մոտ 60 զեկույց, գիտամարտ ու տարբեր մրցույթներ։ Պատվիրակների անանուն քվեարկությամբ կընտրվեն երեք լավագույն զեկուցողները, որոնց կտրամադրվի գիտաթոշակ:
Հեղինակ՝ Անի Օհանյան