Պեկինում ավարտվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Խաղերը, որոնք համարվում են վերջին տասնամյակների ամենահակասականը, գրում է BBC-ն։ Բացի խիստ կորոնավիրուսային սահմանափակումներից, առաջիկա մրցումները կանցկացվեն քաղաքական լարվածության պայմաններում:
Բացման արարողությունը տեղի է ունեցել Պեկինի ազգային մարզադաշտում, որը հայտնի է որպես «Թռչնաբույն» և ունի 80000 հանդիսատեղ։ Նույն մարզադաշտը կենտրոնական հարթակ էր նաև 2008 թվականի ամառային խաղերի ժամանակ։
Համավարակի պատճառով մրցույթների ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն միայն 30 տոկոսով։ Չինաստանի իշխանությունները հրաժարվել են խաղերի տոմսերի բաց վաճառքից:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անցկացվել է «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ, միասին» կարգախոսի ներքո։ Մարզադաշտի վերևում տեղի է ունեցել տոնական հրավառություն՝ օղակների տարբերանշանով։
Խաղերի պաշտոնական բացման մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Արարողությանը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի ղեկավարները Չինաստանին դիվանագիտական բոյկոտ են հայտարարել՝ ույղուրների հարցի պատճառով։ Սակայն այդ պետությունների մարզիկները կմասնակցեն խաղերին։
Covid-19-ի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար Չինաստանը մշակել է այսպես կոչված «պղպջակների» համակարգ։ Յուրաքանչյուր ոք, ով ժամանել է Օլիմպիադային, կարող է տեղաշարժվել միայն «փակ շրջանակի» սահմաններում՝ օդանավակայաններ, մրցումների և մարզումների վայրեր, ինչպես նաև օլիմպիական ավաններ։
Հազարավոր մարզիկներ, կամավորներ և խաղերի շարքային աշխատակիցներ ամեն օր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և դիմակ կրեն։