Թուրքական օդուժը քուրդ զինյալների դեմ գործողություն է իրականացրել Իրաքում և Սիրիայում: «Թուրքիայի ՌՕՈՒ-ն «Ձմեռային արծիվ» օդային գործողություն է իրականացրել քրդական զինված խմբավորումների դեմ Իրաքի և Սիրիայի հյուսիսում՝ Դերիք, Սինջար և Քարաջակ շրջաններում, որոնք նրանք որպես բազա են օգտագործում»,- ասված Է Թուրքիայի ռազմական գերատեսչության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ խոցվել են ապաստարաններ, կացարաններ, քարանձավներ, թունելներ, զինամթերքի պահեստներ, ինչպես նաև գրոհայինների շտաբներ և ուսումնական ճամբարներ՝ հաղորդում է ТАСС-ը։
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ «մարտական գործողությունները կատարվել են միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան: Առաջադրանքը ավարտելուց հետո բոլոր ինքնաթիռներն ապահով վերադարձել են օդանավակայաններ»։
Alsumaria հեռուստաալիքն էլ հայտնել է, որ գիշերը թուրքական զինուժը գնդակոծել է քրդական դիրքերը Հյուսիսային Իրաքի Էրբիլ նահանգում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։