Վրաստանի կառավարությունը կարող է Myway Airlines ավիաընկերությանը զրկել կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից, գրում է Aliq.ge-ն։
2021 թվականի հուլիսի 6-ից Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ը Georgian Airways-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթեր էր իրականացնում Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով։
Հանրապետության Քաղավիացիան, սակայն, ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառաբանությամբ։ Ըստ գործակալության՝ ընկերության բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի Վրաստանի քաղաքացուն։
Օրեր առաջ էլ սնանկ ճանաչվեց Թբիլիսի-Երևան, ինչպես նաև Բաթումի-Երևան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթեր իրականացնող Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունը: