Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Մենք շարունակում ենք սերտ աշխատանքը գործընկերների հետ՝ Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարության իրականացման ուղղությամբ, որը, ի թիվս այլ հարցերի՝ նախատեսում է Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում՝ դրա հետագա սահմանագծմամբ:
Վստահ ենք, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը թույլ կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը և ընդհանուր առմամբ կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ»,- ասել է Զայցևը։
Նրա խոսքով՝ արդյունքների մասին ԶԼՄ-ները պատշաճ կերպով կտեղեկացվեն։