ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ուրբաթ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին գրավոր չի պատասխանի Ռուսաստանի անվտանգության առաջարկներին՝ հայտնում է ТАСС-ը։ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարությունն արել է չորեքշաբթի Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բլինքենը նշել է, որ բանակցությունների «լարված շաբաթվա» վերջում ԱՄՆ-ը նախատեսել է «գնահատել իրավիճակը»։ «Անհրաժեշտ է նաև ժամանակ տալ Ռուսաստանից բանակցողներին՝ գնահատելու անցած խորհրդակցությունները։ Այս պահին ես չեմ նախատեսում որևէ փաստաթուղթ ներկայացնել ռուսական կողմին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել դիվանագիտական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար այնքան ժամանակ, որքան հնարավոր է։