Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին աշխարհում աճել է սոցիալական անհավասարությունը: Այդ մասին ասվում է Oxfam ոչ առևտրային կազմակերպության զեկույցում՝ նվիրված աղքատության խնդրի լուծմանը։ Ըստ Oxfam-ի՝ 2020 թվականի գարնանից մոլորակի տասը ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 700 միլիարդ դոլարից աճել է մինչև 1,5 տրիլիոն դոլարի՝ ավելանալով ավելի քան երկու անգամ՝ գրում է Euronews-ը:
Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, օրական 21 հազար մարդ է մահանում սովի, գենդերային բռնության և բժշկական օգնության սահմանափակ հասանելիության պատճառով։
Oxfam-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուխերը գրել է. «Ակնհայտ է, որ սա չի կարող շարունակվել: Այս տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես են միլիարդատերերը թռչում տիեզերք, մինչդեռ մարդկանց մեծ մասը տառապում է համաճարակից»: Ըստ Բուխերի, խնդրի լուծման լավագույն տարբերակը ամենահարուստ մարդկանց եկամուտների հարկումն է: Ըստ նրա՝ այդ միջոցները պետք է տրամադրվեն՝ վերացնելու մի շարք խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում հաղթահարել համաճարակը, հասանելիություն ունենալ առողջապահության համակարգին և հիմնական ծառայություններին:
Մոլորակի ամենահարուստ մարդն այս պահին Tesla-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկն է՝ 268.1 միլիարդ դոլար կարողությամբ։ Վարկանիշի երկրորդ տեղում LVMH հոլդինգի սեփականատեր Բերնար Առնոն է՝ 189.2 միլիարդ դոլարով, երրորդում՝ Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը՝ 188 միլիարդով։ Միլիարդատերերի տասնյակում են նաև Մարկ Ցուկերբերգը (Facebook, 117,5 միլիարդ) և Բիլ Գեյթսը (Microsoft, 134,5 միլիարդ):
Փորձագետները նշում են, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելանում է ֆոնդային շուկայում գների աճի հետ՝ ձեռնարկությունների անբավարար կարգավորման, մենաշնորհների ամրապնդման և սեփականաշնորհման անվերահսկելիության պատճառով։