Կիրակի տեղի ունեցած հանրաքվեում Սերբիայի քաղաքացիները քվեարկել են արդարադատության ոլորտում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների օգտին։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին հղած ուղերձում։
Ստուգված քվեաթերթիկների 97.02%-ի հիման վրա սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 60.48%-ը, դեմ՝ 39.52%-ը։ Քաղաքացիների մասնակցությունը հանրաքվեին կազմել է մոտ 30%, ինչը բավարար է, որպեսզի այն կայացած համարվի՝ գրում է ТАСС-ը:
Հանրաքվեին ներկայացված փոփոխությունները վերաբերում են արդարադատության ոլորտին՝ դատավորների և դատախազների ընտրությանը։ Ըստ փոփոխության՝ դատավորներն այլևս չեն ընտրվելու խորհրդարանում, դա անելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը բաղկացած է 11 անձից: Դատավորների ընտրությանը չեն մասնակցի արդարադատության նախարարը, Գերագույն վճռաբեկ դատարանի նախագահը, խորհրդարանի՝ արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Չեղարկվում է դատավորների եռամյա փորձաշրջանը:
Հանրային դատախազներին էլ այսուհետև կընտրի ոչ թե խորհրդարանը՝ կառավարության առաջարկով, այլ Դատախազների բարձրագույն խորհուրդը։
Հանրաքվեի անցկացումը կապված է արդարադատության բարեփոխման վերաբերյալ Բելգրադին ուղղված ԵՄ-ի պահանջների հետ: Փոխարենը՝ Բրյուսելը խոստացել է «լավագույն գնահատականները տալ Սերբիայի առաջընթացին եվրաինտեգրման գործընթացում»։