ԱՄՆ-ը և Արևմուտքը Սերբիայի իշխանությունից պահանջում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նա շեշտել է, որ արևմտյան տերությունները ձգտում են Բելգրադից ստանալ «փոխադարձ ճանաչում», այսինքն՝ Բելգրադը պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ Պրիշտինան՝ Սերբիայինը: Ընդ որում՝ դա պահանջվում է ուղղակիորեն, ոչ ենթատեքստով: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Ապրիլի 23-ին Վուչիչը Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության շարունակությունը կապել է Պրիշտինայի՝ Բրյուսելի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Սակայն, ըստ Վուչիչի, Կոսովոյի իշխանությունն իր պարտավորությունը չի կատարում:
Կոսովոն միակողմանիորեն անկախություն է հռչակել 2008 թ. փետրվարին և վերջին տարիներին ակտիվորեն փորձում է անդամակցել միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ինտերպոլին:
Ավելի քան 60 երկիր, ներառյալ՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև Եվրամիության հինգ անդամ դեմ են Կոսովոյի անկախության ճանաչմանը: