Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո նորից թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում՝ գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները Թվիթերում անդրադարձել է թեմային: «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է: Գնաճը մեծանում է: Կյանքը անտանելի թանկանում է»,- գրել է պատգամավորն ու հռետորական հարց տվել, թե գուցե Էրդողանը գիտակցաբա՞ր է դա անում:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու հարցում կառավարության քաղաքականության հետևանքով Թուրքիայում վերջին շրջանում պարբերաբար արժեզրկվում է ազգային արժույթը, ինչը հանգեցնում է կտրուկ գնաճի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար: Այս թեմայով նախագահ Էրդողանի վերջին մի քանի ելույթներին շուկան բացասական է արձագանքում, ինչի արդյունքում լիրան շարունակ արժեզրկվում է: