Չնայած Կրեմլի հայտարարությանը, որ Դոնբասն Ուկրաինայի ներքին խնդիրն է, Ռուսաստանն այդ հարցում կողմ չէ և Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա չի ծրագրում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համառորեն իր միջնորդությունն է առաջարկում Մոսկվային և Կիևին՝ խորացող լարվածությունը թուլացնելու համար:
«Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել վերջին շաբաթների ընթացքում սրված լարվածությունը թուլացնելու և երկխոսություն հաստատելու համար։ Երկու կողմերի համաձայնությամբ մենք կարող ենք օգնություն, միջնորդություն կամ աջակցություն առաջարկել ցանկացած ցանկալի ձևաչափով»: Այդ մասին Թուրքիայի նախագահն ասել է թուրք լրագրողներին Կատարից վերադառնալիս՝ հաղորդում է ТАСС-ը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այդ քայլին է գնում «հանուն խաղաղության այս տարածաշրջանում»։
Թուրքիայի նախագահը նման նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել նոյեմբերի 29-ին։