44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված «Իմ կարողություններն իմ ապագան են» կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման մեկշաբաթյա ճամբարը մեկնարկեց: Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից պատերազմի 50 մասնակից ինտերակտիվ և ոչ ֆորմալ դասերի միջոցով հնարավորություն կունենան ընտրելու պահանջված աշխատանք: Անհատներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու համար անհրաժեշտ է մասնագիտական կողմնորոշման համակարգ՝ նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - ՀՀ Կառավարությունն իր գերակա քաղաքականությունների մեջ առանձին տեղ ունի՝ հատկացված պատերազմի մասնակիցների համար: Մեզ համար շատ կարևոր է աշխատանքի ու զբաղվածության կոմպոնենտը, և մենք տարբեր միջոցառումներ ենք իրականացրել՝ տարբեր համաձայնագրեր կնքելով մասնավոր ընկերությունների հետ:
Դասընթացը նախարարությունն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի հետ, այն ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը»:
Ջոն Գալագեր (ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան) - Մեզ համար կարևոր է, որ այս ծրագիրը ներառի հեռավոր մարզերի ու սահմանամերձ բնակավայրերի անձանց: Այս ծրագիրը կենսական կարևորություն ունի, քանի որ տրամադրում է մասնագիտական կրթություն և բարելավում է հանրային ծառայությունների մատուցումը Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում, որոնք ավելի շատ տուժեցին հակամարտությունից ու համաճարակից:
Տեսակապով բացմանը միացած Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլաշվիլին նկատեց, որ պատերազմի մասնակիցների ու սահմանամերձ համայնքների վերաինտեգրումը հակամարտության հետևանքների մարտահրավերներից մեկն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ զբաղվածության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը պահանջում է բազմաբևեռ քաղաքականություն:
Նաթիա Նացվիլաշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Արժանապատիվ զբաղվածությունը սոցիալական ապահովության ամենակարևոր հարցերից մեկն է ամբողջ աշխարհում: Հայաստանում երիտասարդության գործազրկության ցուցանիշը բարձր է մեծահասակների ցուցանիշից: Նաև աշխատանքի փորձի բացակայությունը խոչընդոտում է երիտասարդների զբաղվածությունը:
Այս խնդիրների հաղթահարման նպատակով էլ իրականացվում է վեցօրյա ծրագիրը, որը ներառելու է մասնագիտական կողմնորոշման տարբեր հայեցակարգային ծրագրեր: Մասնակիցներից է 44-օրյա պատերազմին մասնակցած 21-ամյա Արամ Խաչատրյանը: Նա ժամկետային զինծառայող էր, կռվել է Մատաղիսում, վիրավորվել, բուժում ստանալուց հետո շարունակել ծառայությունը, իսկ հիմա ուսումը շարունակում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Ապագա հասարակագետ է:
Արամ Խաչատրյան (ծրագրի մասնակից) - Դժվարություններ ամեն տեղ էլ հանդիպում են, բայց եթե մարդ ունի հստակ նպատակ ու ձգտում, իր համար անհնար ոչինչ չկա, բայց այս ծրագրի օգնությամբ մեր սպասելիքներն ավելի շատ են արդարացվում:
Սևակ Կարապետյան էլ կամավոր էր մեկնել պատերազմ, նա ՏՏ մասնագետ է:
Սևակ Կարապետյան (ծրագրի մասնակից) - Ծրագրից ակնկալիքներս շատ մեծ են՝ աշխատաշուկային ծանոթանալ և հասկանալ, թե ի՛նչն է արդիական այսօրվա մեր աշխատաշուկայում:
Ծրագրի ավարտին կհաջորդի աշխատանքի տոնավաճառը, և մասնակիցները հույս ունեն, որ գործարարների հետ հանդիպումների ընթացքում կստանան աշխատանքի առաջարկ:
Հեղինակ՝ Անի Օհանյան