Թալիբան արմատական շարժումը, որն օգոստոսին զավթեց իշխանությունն Աֆղանստանում, հայտարարել է, որ խստորեն կպատժի բոլորին, ներառյալ իր զինյալներին՝ նախկին կառավարական զինվորների և պաշտոնյաների նկատմամբ բռնությունների համար՝ հայտնում է Interfax-ը:
«Մոջահեդները լիովին հավատարիմ են համաներման հրամանագրի կիրարկմանը, և նախկին վարչակազմի աշխատակիցները չեն թիրախավորվում «Թալիբանի» դեմ իրենց նախկին դիրքորոշման պատճառով», - ասել է «Թալիբանի» արտգործնախարարության խոսնակը:
Նա վստահեցրել է, որ «յուրաքանչյուր միջադեպ մանրակրկիտ հետաքննվելու է, և համաներման օրենքին չենթարկվողները օրենքով կպատժվեն:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ օգոստոսից հետո թալիբների կառավարման 2,5 ամսվա ընթացքում Ղազնի, Հիլմենդ, Քանդահար և Կունդուզ նահանգներում հարյուրից ավելի նախկին կառավարական զինվորականներ ու աշխատակիցներ են սպանվել: