Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է որսորդական հրացանով զինված տղամարդուն, ոչ ոք չի տուժել: Ոստիկանության քաղաքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպության շենքում տեղի ունեցած միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։ Ձերբակալվածի զենքը լիցքավորված է եղել մեկ փամփուշտով՝ հայտնում է CNN-ը:
Տղամարդու հետ բանակցություններ վարած իրավապահները չեն հայտնել նրա ինքնությունը, պարզապես հաղորդել են, որ նա ցանկացել է «որոշ թղթեր» փոխանցել ՄԱԿ-ին։ Ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դրանց թվում կան բժշկական փաստաթղթեր և այլ գրառումներ, որոնք չեն բացատրում ձերբակալվածի դրդապատճառները։
Մինչև տղամարդուն ձերբակալելը ոստիկանությունն անվտանգության նկատառումներով ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին կոչ էր արել թաքնվել կենտրոնակայանի ներսում, համալիրը փակվել էր։ Ավելի ուշ իրավապահները հայտնել են, որ աշխատակիցների ու անցորդների համար սպառնալիք չկա։
Տղամարդը Նյու Յորք է ժամանել դեկտեմբերի 1-ին Ֆլորիդայից և տեղավորվել «Միլենիում» հյուրանոցում: Խուզարկություն է կատարվել նրա սենյակում, ոստիկանությունը ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրել։