Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 3-ին նախատեսել է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կարող է անդրադառնալ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այդ մասին չորեքշաբթի Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է ТАСС-ը։
«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ և կողմ ենք լարվածության թուլացմանը։ Վերջերս ես բանակցություններ եմ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ։ Ուրբաթ էլ մեր նախագահն է պատրաստվում բանակցել նախագահ Պուտինի հետ»,- ասել է թուրք նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։ Չավուշօղլուն նշել է նաև, որ մտադիր է Լավրովի և Կուլեբայի հետ հանդիպում անցկացնել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Դաշնային խորհրդում անդրադարձել է Մոսկվայի և Կիևի միջև միջնորդ դառնալու նախագահ Էրդողանի պատրաստակամության մասին վերջին հայտարարությանը: «Կրեմլը՝ ի դեմս Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այս վերամբարձ տոնին՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ մենք հետևում ենք, թե ինչպես է թուրքական մամուլը արձագանքում այս հայտարարություններին, ինչպես նաև մեր նախագահի մամուլի քարտուղարի արձագանքին։ Նախատեսվում է երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը։ Կարծում եմ, որ այս հարցերը նույնպես կքննարկվեն»,-ասել է Լավրովը: