Փարիզում, Էյֆելյան աշտարակի դիմաց, Սենայի առափնյա մի մասը պաշտոնապես անվանվել է ի պատիվ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը՝ գրում է EaDaily-ն։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բրանլի առափնյա հատվածում կառուցված թանգարանի դիմաց, որը նույնպես կրում է պետության նախկին ղեկավարի անունը: Անվանակոչմանը մասնակցել են քաղաքապետ Անն Իդալգոն, ինչպես նաև թանգարանի ղեկավարությունն ու տարբեր քաղաքական գործիչներ, Շիրակի կրտսեր դուստր Կլոդը:
Ժակ Շիրակը Ֆրանսիան նախագահել է երկու ժամկետի ընթացքում։ Քաղաքական կարիերայի ավարտից հետո նա զբաղվել է հասարակական և մարդասիրական գործունեությամբ: Քաղաքական գործիչը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին՝ կյանքի 87-րդ տարում: