Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021 թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002 թ.՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ, նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»:
Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12-րդ գոտիները Երևանում են:
Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել:
«Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25 %-ի չափով հարկի գանձումը, 2022 թ. ևս 5% կավելանա, և այդպես մինչև 2026 թ. կավարտվի՝ ամբողջ 100% գնահատման առումով: