Նոյեմբերի 23-ին նախատեսված է Մոսկվայում Պաղեստինի ղեկավար Մամհուդ Աբբասի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է РИА Новости-ն:
Պաղեստինի նախագահն ակնկալում է, որ Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. այդ մասին նա ասել է Ռուսաստան այցի նախօրեին։
Աբբասի խոսքով՝ Ռամալլահ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ծրագրել է վերաբացել իր հյուպատոսությունը Արևելյան Երուսաղեմում, և այն «նախատեսված է պաղեստինցիներին ծառայություններ մատուցելու համար, ուղղակի կապված կլինի Պետդեպարտամենտի հետ, կախված չի լինի Իսրայելում ԱՄՆ դեսպանատնից»:
Հայտնի է, որ Իսրայելի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտին խնդրել է հետաձգել ամերիկյան հյուպատոսության աշխատանքի վերսկսումը։ Իր հերթին, Պաղեստինի ինքնավարությունը խնդրել է Վաշինգտոնին արագացնել հյուպատոսության բացման գործընթացը։
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը միացվեց դեսպանատանը։ Մինչդեռ ամերիկյան հյուպատոսությունը տասնամյակներ շարունակ գործել է Արևելյան Երուսաղեմում և դե ֆակտո եղել է պաղեստինցիների համար երկրի գլխավոր դիվանագիտական առաքելությունը։
Մահմուդ Աբբասը նախատեսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել Պաղեստինում քաղաքական գործընթացի վերականգնման ուղիները՝ ակնկալելով, որ Ռուսաստանը կաջակցի Պաղեստինի վերաբերյալ միջազգային խաղաղության համաժողով կազմակերպելու հարցում։