Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը հրավիրել և նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը:
Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն էր:
Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացնելով նախագիծը՝ կարևորել է աղետների ռիսկի կառավարման գործընթացների իրականացման անհրաժեշտությունն ազգային անվտանգության ապահովման ոլորտում: Նախագծի ընդունման կարևորությունից ելնելով անհրաժեշտ է վերանայել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը՝ համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին, առկա խնդիրներին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:
Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, դիտարկումներ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ծրագիրը մշակող աշխատանքային խմբին առաջարկել է ներկայացված առաջարկություններն ամփոփել և լրամշակված տարբերակն տրամադրել խորհրդի անդամներին: