Անկարայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը նախօրեին պաշտոնական Սոֆիայի ներկայացրած մեղադրանքն է՝ գրում է Ermenihaber-ը:
Բուլղարիան Թուրքիային մեղադրում է նոյեմբերի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև երկրի ներքին գործերին միջամտելու համար: Այդ հարցով նույնիսկ Թուրքիայի դեսպանին կանչել էին Բուլղարիայի արտգործնախարարություն:
Բուլղարիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել է մեղադրանքները, որոնց համաձայն՝ Անկարան ընտրությունների օրը փորձել է ուղղորդել Թուրքիայում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին:
Փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըն նշել է, որ Թուրքիան միայն «համապատասխան պայմաններ է ստեղծել Թուրքիայի տարածքում» Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող անձանց քվեարկությունն ապահովելու համար:
Թուրքիայի միջամտությունը պայմանավորված է Բուլղարիայի նախագահական ընտրություններին ազգությամբ թուրք թեկնածու Մուստաֆա Քադայի մասնակցությամբ: Ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը՝ հավաքելով 13 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 11 տոկոս: