ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքների հարցերի լուծումը:
Նախարարն ընդգծեց՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն համավարակի և պատերազմի հետևանքները: Նման բարդ իրավիճակում, սակայն, գործադիրին հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող էին խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը:
«Այս խնդիրների առաջնահերթ լուծումը պետք է հիմքեր ստեղծի հաջորդ տարիների ընթացքում ձևավորվող բարձր տնտեսական արդյունքների համար»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար:
«Կառավարության ծախսային ծրագրերով հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ նշանակության ծրագրերով պետք է նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը: 2022 թվականի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 357 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը: