Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ծառ տնկելն ամենաշնորհակալ գործերից մեկն է, եթե մարդը ծառ է տնկում, մանավանդ մանուկ հասկանում, ապա կարծում եմ՝ երբևէ ծառ չի կտրի:
Շրջակա միջավայրի նախարարը «10 մլն ծառ» նախաձեռնությամբ կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին դստեր հետ ծառ տնկեց: Միայն «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետությունում 1000 տնկի ավելացավ, հիմնականում՝ հացենի։ Սա այս տարվա երկրորդ համապետական ծառատունկն էր:
Ռոմանոս Պետրոսյան - Մինչ այժմ շուրջ 800 հազար ծառ է տնկվել այս նախագծի շրջանակներում, ևս 250 հազար նախատեսում ենք տնկել այսօրվա համապետական ծառատունկին:
Ծրագրված տասը միլիոն ծառից մեկ միլիոնն արդեն տնկված է։ Փարիզի համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է մինչև 2050 թվականը կրկնապատկել անտառային տարածքները: Սա նաև միտված է գլոբալ տաքացման դեմ պայքարին:
Ռոմանոս Պետրոսյան - Դրանով է նաև պայմանավորված, որ անտառկառավարման պլաններ են փոխվում վերջին 1-2 տարիներին: Արդեն 2023 թվականին ՀՀ 17 անտառնտեսությունները կունենան անտառկառավարման նոր պլաններ, որոնք մեծապես սինխորնիզացված կլինեն Փարիզյան համաձայնագրի մեր պարտավորություններին:
Աշոտ Բուդաղյանը ընտանիքի հետ միացել է համապետական ծառատունկին: Նա էլ գիտի՝ Հայաստանը ծառերի սակավության լուրջ խնդիր ունի:
Աշոտ Բուդաղյան (ծառատունկի մասնակից) - Գոնե տարին ամեն մեկը 10 ծառ էլ տնկի մեր երկրին ամենածառաշատ երկիրը կդառնա:
«Հայանտառի» տնօրենի պաշտոնակատարն էլ պատմում է՝ տնկիները հիմնականում փակ արմատային են, ունեն 80-90% կպչողունակություն։ Պավել Ցուգունյանն ուրախությամբ արձանագրում է՝ ծառատունկերը մարդկանց ավելի հոգատար են դարձրել բնության նկատմամբ:
Պավել Ցուգունյան («Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Ասեմ ավելին՝ մենք նախատեսել էին ևս 50 հազար տնկի համայնքներին, բայց հայտերն այնքան շատ էին, որ ստիպված 10 հազար ավելացրինք, ցանկացողները շատացել են, ահռելի արձագանք ունենք մարդկանց կողմից, որ ցանկություն են հայտնում տնկել:
Ծառատունկի մասնակիցներն ընթացքում մաքրում էին նաև շրջակա աղբը, գործին միացել էին մանուկները:
Ծառատունկի ավարտից հետո տարածքը ցանկապատվել է՝ նոր տնկված ծառերը խոշոր եղջերավոր անասուններից պաշտպանելու համար: Համազգային այս նախաձեռնությամբ նախարարությունը ցանկություն ունի Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ ստեղծել: