Օդում, ջրում թե ցամաքում հայկական գիտական միտքը գործնականում կիրառելու հնարավորություն: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը Հայաստանում ռոբոտաշինության և տիեզերական սարքաշինության զարգացման դրամաշնորհային մրցույթ է հայտարարում: Ընդհանուր բյուջեն 200 միլիոն դրամ է՝ նախատեսված երեք բաղադրիչով ընկերությունների համար:
Հայկ Ասլանյան (ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական) - Ունենք 5 միլիոն դրամ սկսնակների, 20 միլիոն դրամ գործող ընկերությունների, արդեն կայացած պրոյեկտների և 50 միլիոն դրամ՝ կայացած ընկերությունների համար, որոնք կստեղծեն արժեք և կարող են ենթակառուցվածք ստեղծել:
Տիեզերական գիտությունը աշխարհում լայն թափով զարգանում է, աշխարհի նվաճումներից հետ չմնալու համար Կառավարությունը նաև մասնավոր ընկերություններին է խրախուսում: Այս տարի ԲՏԱ նախարարությունը տիեզերական ոլորտում աշխատող ընկերությանը առաջին լիցենզիան է տրամադրել
Հայկ Ասլանյան - Կառավարությունը կարևորելով այս ոլորտը՝ նման միջոցառումներով ուզում է խթանել, և չենք բացառում որ այս դրամաշնորհի հաղթողը կարող է դառնալ հաջորդ Space X-ը:
Ասլանյանի խոսքով՝ սա նաև հնարավորություն է՝ խթանելու պետություն-մասնավոր համատեղ աշխատանքը, հասկանալու համար՝ որտեղ ինչ է անհրաժեշտ ներդնել, որ ծառայի ոչ միայն Հայաստանին, այլև՝ աշխարհին:
Հայկ Ասլանյան - Մենք ակնկալում ենք, որ կմասնակցեն այն ընկերությունները, որոնք փորձ ունեն դիտակներ կառուցելու, ռոբոտաշինության մեջ ռոբոտացված սարքերի, թե տպիչների որոնք կարող են օգտագործվել տիեզերքում:
Դրամաշնորհի մասին հայտարարությունը արդեն հասանելի է նախարարության կայքէջում՝ հայտարարություններ բաժնի դրամաշնորհներ հատվածում: Դիմելու կարգն է բացատրում վարչության ավագ մասնագետը:
Մանե Մկրտչյան (ՀՀ ԲՏԱ նախարարության ավագ մասնագետ) - Հենց բացենք, կերևա երեք բաղադրիչը՝ մեկնարկային, անցումային և կայացած դրամաշնորհներ: Պետք է այցելել Արմեպս համակարգ, գրանցվել:
Նախարարի խորհրդականի ձեռքին Դուբայի միջազգային տիեզերական կոնգրեսից Հայաստան բերած գրիչն է սպասում՝ հաղթող մասնակիցներին:
Հայկ Ասլանյան - Բոլոր հայտերի վերջնական ստորագրումը կատարելու ենք այս գրիչներով: