Կառավարության և մեր նախընտրական ծրագրում մատնանշել ենք առաջիկա 5 տարվա ընթացքում ՀՀ-ում 300 և 500 մանկապարտեզ կառուցելու վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում չափազանց կարևոր են մեր նախընտրական խոստումը և Կառավարության ծրագրում արձանագրված դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր որոշում է: Ըստ էության, կարող ենք համարել, որ մենք այս ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից»,- ասաց նա՝ նշելով, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ կրթությունը հասանելի լինի ՀՀ բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը:
Վարչապետը նշեց, որ, ըստ հետազոտությունների, այսօրվա կրթական համակարգով՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը:
«Հաջորդ կարևոր վիճակագրությունը, որ մենք ունենք, հետևյալն է. որ տարրական դպրոցի ավարտին, այսօրվա պայմաններով, մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստեր»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ խնդիրները հաղթահարելու համար ահռելի միջոցներ են անհրաժեշտ:
«Մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից. Կապան խոշորացված համայնքում կրթական ծրագիր իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- հավելեց Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց, թե հարցի հետ կապված ինչ եզրակացություն է եղել:
«Հայտնի է, որ ՀՀ-ում մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները. նույնիսկ 30, 40, 50: Այդ բաշխվածությունը իրոք խնդրահարույց է, և կարող եմ ասել, որ ամբողջ հանրապետությամբ այդ դպրոցների քանակը կազմում է շուրջ 31.5 տոկոս, իսկ մարզերի բաշխվածությունը՝ ամենաբարձր՝ ոչ լավ իմաստով ցուցանիշը, Սյունիքի մարզում է, որտեղ դպրոցների շուրջ երկու երրորդը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ են,- ասաց նախարարը և ավելացրեց,- Կապան խոշորացված համայնքի վեց գյուղում պետք է պահպանել եղած դպրոցները, նաև նախակրթարաններ կառուցել, նույնիսկ դպրոցներում մասնագիտական ուղղություն ներառել, իսկ մնացած 25 գյուղում հետազոտության արդյունքում առաջարկվել է ստեղծել 7 հանգույց, որտեղ տարբեր համայնքների երեխաները կմիավորվեն, և որակյալ կրթություն կապահովենք: Այդ հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ: Ծրագրի մեջ ներառված են որակյալ տրանսպորտային միջոցներ: Ընդհանուր կլինի 6 դպրոց և 7 հանգույց. 13-ից 5-ը՝ նոր կառուցվող դպրոցներ, մնացած 8-ի դեպքում՝ վերակառուցում կամ հիմնանորոգում: Այս ճանապարհն է առաջարկվում, և դրա համար Կառավարությունը հատկացնելու է 9 մլրդ դրամ»:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փաստացի նախատեսվում է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավում և նոր, ժամանակակից պայմանների ստեղծում, այլև համապատասխան կրթական բովանդակություն ներդնելու ուղղությամբ աշխատանքներ, և ծրագիրը ներառում է նաև բարձրորակ ուսուցչական համակազմ ապահովելու հետ կապված աշխատանքները, պետք է իրականացվեն նաև վերապատրաստումներ:
«Ինչպես նաև շատ կարևոր է, որ առաջարկում ենք նաև որոշակի կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր քանակով աշակերտներ ունեցող դպրոցներում լինում են դեպքեր, որ տարիքային տարբեր խմբեր միասին որոշակի դասապրոցես են կազմակերպում, որտեղ մեթոդական-բովանդակային առանձնահատուկ աշխատանք է պահանջվում: Սա համալիր ծրագիր է և ներառում է թե՛ ենթակառուցվածքի զարգացում, թե՛ նաև բովանդակային աշխատանք»,- ասաց Անդրեասյանը: